Հրաչյա Ռոստոմյանը կառավարության ծրագիրը հավակնոտ է համարում

14:42, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության ծրագիրը  հավակնոտ է համարում՝ ընդգծելով, որ այն ենթադրում է գործողություններ, որոնք արդարացնելու են այն սպասումները, որ ունի հանրությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Այս ծրագրում ավելի շատ ոչ թե թվեր են, այլ գործողություններ, որոնք կարդարացնեն այն սպասումները, որ ունի մեր հանրությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Անդրադառնալով քննադատություններին, թե կառավարության ծրագրում թվեր չկան, և այն ավելի շատ նման է բարի ցանկությունների և կենացների արտահայտման, նախարարն ընդգծեց, որ նախկինում բազմիցս տեսել են ճոխ թվերով ծրագրեր, սակայն շեշտեց, որ կարևորը թվերը չեն: «Սա կենացի մակարդակ չէ, սա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է իր երկրի համար»,- ընդգծեց Ռոստոմյանը:

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը: Խորհրդարանում կառավարության ծրագիրը քննարկման կդրվի հունիսի 7-ին:


© 2009 ARMENPRESS.am