Նեթանյահուն Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումները հետաձգել է մինչև Թուրքիայում ընտրությունների ավարտը

17:10, 3 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ և արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն ընդունել է երկրի ԱԳՆ-ի խորհուրդները՝ Քնեսեթում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումները հետաձգել մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է հրեական պետության ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Վարչապետ Նեթանյահուն ընդունել է ԱԳՆ-ի խորհուրդները տեղափոխել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված ընտրությունների ավարտը, քանի որ այդ հարցի քննարկումը ավելի վաղ նշանակված ժամկետում կարող էր նախընտրական արշավում օգտագործվել [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանի կողմից»,- ասվում է փաստաթղթում։ Իսրայելի պետական Kan ռադիոկայանի տվյալներով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցի քննարկումը նախատեսված էր հունիսի 3-ին։  

Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնը մայիսի 28-ին անորոշ ժամանակով հետաձգել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով նույն օրը ծրագրված քվեարկությունը։ The Jerusalem Post թերթի պնդմամբ՝ Էդելշթեյնը դա արել է վստահ չլինելով, որ փաստաթուղթը կհավաքի ձայների մեծամասնությունը։ Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանն արդեն մերժել է ընդդիմադիր «Եշ աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի առաջարկած՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։

 

 


© 2009 ARMENPRESS.am