Կառավարությունը խոստանում է վճռական պայքար մղել կոռուպցիայի դեմ

14:00, 2 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը խոստանում է կոռուպցիայի դեմ պայքարում լինել վճռական, հաստատակամ և անհանդուրժող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության ծրագրում ամրագրված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է գործադիրի առաջնահերթություններից մեկը:

«Կառավարությունը համոզված է, որ մեր հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, և այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող»,- ասված է ծրագրում, որը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում:

Այդ պայքարի արդյունավետության համար կառավարությունն անհրաժեշտ է համարում երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները և մարմինները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ: Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ: Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը:


© 2009 ARMENPRESS.am