ՀՀ ԿԳ նախարարը 12-ամյա կրթության համակարգը արդարացված է համարում

20:50, 1 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 12-ամյա կրթության համակարգն արդարացված է, սակայն ավագ դպրոցը չի կատարում իր բովանդակային գործառույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ավագ դպրոցի նպատակն այն է, որ 15-16 տարեկան սովորողները կարողանան մի փոքր շուտ կողմնորոշվել, թե ինչ ուղղությամբ են ցանկանում հետագայում շարունակել: Այս համակարգի ամենակարևոր խնդիրներից է աշակերտին բուհի ընդունելությանը նախապատրաստելը և կրկնուսույցի ինստիտուտը վերացնելը: Կրտսեր դպրոցում` 1-4-րդ դասարաններում ունենք բարձր որակի կրթություն, դրանից հետո որակը սկսում է ընկնել»,- ընդգծեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ բավարար որակ չունենալու պատճառով կրկնուսույցներից հրաժարվել դեռևս չի հաջողվում: Հարությունյանը հավաստիացրեց, որ ավագ դպրոցի կրթության որակին լուրջ նշանակություն են տալիս և բարեփոխումներում այն համարեց առանցքային խնդիր:

 


© 2009 ARMENPRESS.am