Արայիկ Հարությունյանը պատրաստվում է պայքարել լատինատառ հայերենի դեմ

20:32, 1 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնային խնդիրներից է օտարագիր, մասնավորապես՝ լատինատառ հայերենի դեմ պայքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա պնդմամբ` ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունն այս տարիների ընթացքում համատարած ոտնահարել է հայերենը:

«Լեզվի տեսչությունը անարդյունավետ է աշխատել և մատնված է եղել անգործության ու ոչինչ չանելու համար կառույցը պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում: Սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչև օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների լեզու` ամեն ինչ ոտնահարվել է»,- ընդգծեց նախարարը:

Հարությունյանի խոսքով` պետք է համատեղ ուժերով հասնել այն բանին, որ հայ մարդն անգամ համացանցում գրի գրագետ և հայատառ:

 


© 2009 ARMENPRESS.am