Հույս ունեմ այդ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի. Փաշինյանը՝ Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

18:11, 30 Մայիս, 2018

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ունեցած հանդիպումներից հետո  հույս է հայտնում, որ Հայաստանի համար  Լարսին այլընտրանք հանդիսացող  ճանապարհի ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ասաց, որ Վրաստանում ունեցած հանդիպումների ընթացքում այդ հարցին անդրադարձել են: 

«Բոլոր հարցերը քննարկվել են, և բոլոր հարցերի ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ ի՞նչ մոտեցում ունի այդ ծրագրին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դրական մոտեցում ունեմ, գիտեք, որ պայմանագրերը ստորագրված են, և մնում է ծրագիրը գործարկել:  Ես հույս ունեմ, որ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի»,- ասաց նա:

Վարչապետը նաև կարճ ամփոփեց Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումները: Նա նշեց, որ ի դեմս Վրաստանի վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նախագահի ձեռք բերեց լավ բարեկամների: Նա հույս հայտնեց, որ հայ-վրացական հարաբերությունները կզարգանան այդ բարեկամությանը համահունչ:


© 2009 ARMENPRESS.am