Մանե Թանդիլյանը բարեփոխումների կարիք է տեսնում բժշկասոցիալական փորձաքննության համակարգում

17:10, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել, որոնց մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Խախտումները տարբեր բնույթի են, ուսումնասիրությունը բավականին ժամանակ է պահանջում և ես չէի ցանկանա անմեղության կանխավարկածը խախտել: Այս առումով հետաքննության առարկա են դառնում տարբեր հանգամանքներ»,- ասաց Թանդիլյանը և հավելեց, որ իրենք  սերտ համագործակցում են ԱԱԾ-ի հետ:

Նրա խոսքով` նախարարությունն անանուն բազմաթիվ դիմումներ է ստանում, որոնք դառնում են ուսումնասիրության առարկա:

Թանդիլյանը լուրջ բարեփոխման կարիք է տեսնում բժշկասոցիալական փորձաքննության համակարգում:

 «Լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի, թե ինչ քայլեր է ձեռնարկվում , որովհետև խորքային աշխատանք ենք կատարել և փորձել ենք հասկանալ, թե ինչպես  են հաշմանդամության կարգի հետ կապված գործընթացները տեղի ունենում»,- եզրափակեց Թանդիլյանը:

 


© 2009 ARMENPRESS.am