Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն իրենց ավարտական միջոցառումն անցկացրեցին ՀՀ վարչապետի մասնակցությամբ

15:37, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի սաները սպասված հյուր ունեն: Իրենց ավարտական միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Դիլիջանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց սաներին, այնուհետև նրանց ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, կրթական հնարավորություններին:

Շրջայցի ընթացքում սաները վարչապետին փոխանցեցին, որ դպրոցն օգնում է ճիշտ օգտագործել իրենց գիտելիքները և բացահայտել իրենք իրենց: Նրանք նշեցին, որ ցանկացած ոք, ով ցանկություն ունի, կարող է դիմել դպրոցի սան դառնալու համար: Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ ընթացակարգով են երիտասարդները դառնում դպրոցի սան, ուսանողներն է հայտնեցին, որ յուրաքանչյուր երկիր ունի ազգային կոմիտե, որը 3 փուլից հետո ընտրում է սաներին:

Վարչապետը գրառում կատարեց դպրոցի մատյանում և իր բարեմաղթանքները հղեց: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Դիլիջանի միջազգային դպրոց, տեղ, որտեղ կարելի է սովորել, նաև՝ սովորել նորագույն մեթոդներ: Սովորելը մարդու ամենահետաքրքիր զբաղմունքն է ողջ կյանքի ընթացքում, և սա մի հոյակապ հանգրվան է այդ ընթացքի համար: Ամենայն բարիք, նոր և տաղանդավոր Հայաստանից և ողջ աշխարհից»:

Այսօր Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտում է 104 հոգի աշխարհի 63 երկրից: Շրջանավարտներից 10-ը հայեր են: Դպրոցն արդեն 3-րդ անգամ է շրջանավարտ տալիս:

Դպրոցում ներկայումս սովորում է 210 ուսանող աշխարհի 80 երկրից:  Ուսանողների 96 տոկոսը սովորում է մասնակի կամ լրիվ կրթաթոշակով: Դիլիջանի միջազգային դպրոցը գործում է 2014 թվականի հոկտեմբերից:


© 2009 ARMENPRESS.am