Ադրբեջանական ընդդիմությունը «նախանձով» է անդրադառնում ներհայաստանյան իրավիճակին

18:48, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նոր կառավարության անդամների ժողովրդական ապրելակերպին և գործելաոճին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրանը» գրում է. «Նրանք (հեղ.նախարարները) երթևեկում են մետրոյով, ոտքի վրա համբուրգեր են ուտում, օգտվում են հասարակական ծառայություններից: Հայաստանի նոր առաջնորդներն ապրում են, ինչպես հասարակության մյուս ներկայացուցիչները: Իշխանության եկած  կառավարության նոր անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն կերպ ցույց են տալիս, որ իրենք մարդիկ են ժողովրդի միջից»: 

«Թուրան»-ը, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ մետրոյով երթևեկելու հանգամանքին: 

Ալիևյան բռնատիրական ռեժիմի ներքո կամքի և խոսքի ազատությունից գրեթե զրկված ադրբեջանական հասարակությունը նույնպես հետևելով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին և ժողովրդավարական իրավիճակին՝ սոցկայքերում ակտիվ գրառումներ և մեկնաբանություններ է կատարում, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են ադրբեջանցիները «նախանձում» հայերին և բաղձանքով սպասում ալիևյան ռեժիմից իրենց ազատագրման օրվան:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am