Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը բաց դռների օր անցկացրեց Եվրոպայի օրերի շրջանակում

18:32, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում Եվրոպայի օրերի շրջանակում տեղի ունեցավ բաց դռների օր, որի ներկա էին Հայաստանում Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրամիության դեսպանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, այս միջոցառմանը մասնակցում է ոչ միայն Գերմանիայի դեսպանությունը, այլ նաև հարթակ է տրամադրել այն բոլոր գերմանական կազմակերպություններին, որոնք գործում են Հայաստանում: «Բազմաբնույթ ծրագիր ենք մշակել այսօրվա համար և դուք կարող եք վայելել ոչ միայն  համերգային ծրագրեր, այլ տեղեկատվական տաղավարներում ծանոթանալ բազմաթիվ գերմանական կառույցների գործունեությանը»,-ասաց դեսպանը:

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ բացման խոսքում հավելեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր ծագերում Գերմանիան և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են: «Աշխարհում գոյություն ունեն այնպիսի երկրներ, որտեղ գոյություն ունի ընդհանուր գերմանաֆրանսիական  դեսպանություններ: Եվրոպան արժե նրան, որ մենք տոնենք նրա հաջողությունները և արժե որ եվրոպական տոնը նշվի նաև Հայաստանում, մի հասարակության մեջ, որն այնքան բաց է ընդունելու և հասկանալու եվրոպական արժեքները»,-նշեց Լաքոտը:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ հիշեցրեց, որ գերմանա-ֆրանսիական հաշտեցումն ընկած է Եմ հիմնադրման հիմքերում: «Մենք ցանկանում ենք որպես ուղերձ հղել նաև հայ հանրությանը  հավաստելով, որ այս հրաշալի պատմական փորձը կարող է ոգևորել նաև այս տարածաշրջանը»,-ընդգծեց Սվիտալսկին:

 Դեսպանը բոլոր ցանկացողներին հրավիրեց ներկա գտնվելու Հյուսիսային պողոտայում հունիսի 2-ին կայանալիք Եվրոպայի օրերին նվիրված միջոցառմանը, ինչպես  նաև մայիսի 29-ին Ազատության հրապարակում տեղի  ունենալիք բացօթյա օպերային փառատոնին:


© 2009 ARMENPRESS.am