Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումն առաջին հերթին ներդրում կլինի ցեղասպանությունների կանխարգելման մեջ. ԱԳ նախարար

18:15, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը դիտարկվում է տարբեր տեսանկյուններից, բայց դա առաջին հերթին ներդրում է ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք հետևում ենք այդ զարգացմանը: Սա ոչ միայն մեզ վերաբերող, այլ մարդկության համար կարևոր հարց է: Իսրայելի խորհրդարանի կողմից ճանաչումը ցեղասպանությունների կանխարգելման մեծ ազդակ կլինի»,-նշեց արտգործնախարարը:

Մնացականյանի խոսքով՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչ մասն է, և ՀՀ վարչապետը ևս վերահաստատել է  այս կարևոր մոտեցումը:

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան ներկայացրել են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ:  Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը վերջնական քննարկման կդրվի  մայիսի 30-ին: 

 


© 2009 ARMENPRESS.am