Հայաստանի պատմական իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով պատմաբանն անհրաժեշտ է համարում ասպիրանտների պատրաստումը

17:31, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին հանրապետության պատմական իրադարձությունների ուսումնասիրման համար նախատեսվում է ասպիրանտներ պատրաստել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ուսանողների` պատմական իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքին, այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«Առաջին հանրապետության պատմական իրադարձությունների մեջ մենք բացեր ունենք, այդ պատճառով անհրաժեշտ է ասպիրանտներ պատրաստել, որպեսզի ուղարկենք Մոսկվա: Այնտեղի արխիվները դեռևս ուսումնասիրված չեն, քանի որ փակ են: Բայց, այսօր արդեն հնարավոր է, որպեսզի բացվեն այդ արխիվները և ուսումնասիրվեն: Ուսանողության մեջ բավականաչափ հետաքրքրվածություն կա առաջին հանրապետության հարցերի ուսումնասիրության ոլորտում: Վերջին տարիներին շատ խորն ուսումնասիրություններ են արվել, նույնիսկ մի քանի թեզ է պաշտպանվել, բայց այդքանը բավական չէ, պետք են ավելի շատ ուսումնասիրություններ: Այդպիսով քննական վերլուծությամբ նորովի կներկայացվեն փաստերը ու համեմատություններ կանցկացվեն»,- նշեց Մինասյանը:

Խոսելով այդ մասով Հայաստանի արխիվների վերաբերյալ՝ նա ընդգծեց, որ դրանք ընդհանրապես աղքատիկ չեն և նույնիսկ բավականին մանրամասն է ամեն ինչ ներկայացված:

Այն ասպիրանտների համար, ում նախատեսվում է ուղարկել Մոսկվա արխիվներն ուսումնասիրելու, թեմաներն արդեն իսկ որոշված են:

 

 


© 2009 ARMENPRESS.am