Բաբլոյանը վստահեցնում է՝ ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում

13:16, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի փոփոխության հարց չի քննարկվել և չկա օրակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Արա Բաբլոյանն այս մասին նշեց մայիսի 25-ին ճեպազրույցում՝ արձագանքելով լրագրողի հարցին:

«Չի քննարկվել կուսակցության նախագահի փոփոխության հարց: Այդպիսի հայտարարություն էլ չի եղել: Օրակարգում չկա նման փոփոխության հարց»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը:

Հարցին՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն արդյոք կհավաքի բավարար ձայներ, Բաբլոյանն ասաց՝ կանխագուշակել և դրա շուրջ ինչ-որ մտքեր արտահայտելն այնքան էլ ճիշտ չի համարում: «Երբ կլինեն ընտրություններ, այդ ժամանակ կհասկանանք»,-նշեց նա:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Ապրիլի 23-ին Սարգսյանը, պաշտոնավարելով մի քանի օր, հրաժարական էր տվել ՀՀ վարչապետի պաշտոնից: Դրանից հետո Ազգային ժողովում նոր վարչապետի ընտրության ֆոնին ակտիվացել էին քաղաքական ուժի նախագահի փոփոխության մասին խոսակցությունները:  


© 2009 ARMENPRESS.am