Մարուքյանն անդրադարձել է կառավարություն ձևավորած ուժերի միջև հուշագիր ստորագրելու հավանականությանը

12:17, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Հայաստանում նոր կառավարություն ձևավորած քաղաքական ուժերի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Էդմոն Մարուքյանը նախ նշեց, որ Ազգային ժողովի կանոնակարգով խմբակցությունների պաշտոնական դիրքավորումները կարող են փոխվել, եթե լինի հուշագիր: «Այսինքին, եթե ստորագրվի հուշագիր, հուշագիրը ստորագրած քաղաքական ուժերը կհամարվեն կառավարող խմբակցություններ, իսկ մյուս խմբակցությունը, որը դուրս կմնա հուշագրից, կդառնա ընդդիմադիր՝ անկախ նրանից, որ խորհրդարանում այդ ուժը մեծամասնություն է: Ես չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, որ կլինի հուշագիր: Սակայն վարչապետը հայտարարել է, որ համերաշխության կառավարություն է ձևավորում և բոլորին հրավիրում է աշխատելու: Երեք խմբակցություններ մասնակցել են այդ կառավարության ձևավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ նոր կառավարության գործունեության համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են կառավարության ձևավորմանը: «Բոլորս պատասխանատու ենք նախ մեր ներկայացրած թեկնածուների համար և երկրորդը կառավարության գործունեության համար: Մենք պաշտպանելու ենք կառավարության ծրագիրը և կողմ ենք քվեարկելու ու դրանից հետո էլ շարունակելու ենք աջակցել կառավարությանը»,- նշեց նա:

Մարուքյանը նաև կարծիք հայտնեց, որ կառավարության ձևավորմանը մասնակցած քաղաքական ուժերի միջև հուշագրի դեպքում պատասխանատվության բեռն ավելի կմեծանա:

 


© 2009 ARMENPRESS.am