Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել

12:14, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զուլոյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Այդ որոշումը նա հիմնավորել է նախարարության նոր թիմի համար ճանապարհ հարթելու նպատակով։  Զուլոյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել առանց բացառության առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին եւ նախարարության ողջ աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար։ «Շնորհակալ եմ նաեւ պետական համակարգի եւ միջազգային կառույցների իմ բոլոր գործընկերներին` մարդկային ջերմ հարաբերությունների համար»,-գրել է  նա:

Զուլոյանը նոր թիմին՝ նախարար Թորոսյանի առաջնորդությամբ հաջողություններ ու պատկերացումների իրականացում է մաղթել:

Նելսոն Զուլոյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի մարտ ամսից: Ավելի վաղ՝ 2012-2017 թթ. ղեկավարել էր ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:


© 2009 ARMENPRESS.am