ԿԺԴՀ-ն ցանկացած ժամանակ ԱՄՆ-ի հետ գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամություն Է հայտնել

09:52, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն պատրաստ Է ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի հետ, որը միակողմանի կարգով չեղյալ հայտարարվեց Վաշինգտոնի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Կե Գվանին:

«Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջը եւ լուծելու հարցերը ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով»,- դիվանագետի խոսքից մեջբերում Է արվում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության համար: Կիմ Կե Գվանն ընդգծել Է, որ Հյուսիսային Կորեան առաջվա պես շահագրգռված Է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում՝ չնայած Վաշինգտոնի կողմից գագաթնաժողովի չեղյալ հայտարարմանը: Բարձրաստիճան դիվանագետը հայտարարել Է, որ գագաթնաժողովը չեղյարկելու Դոնալդ Թրամփի որոշումը հակասում Է միջազգային հանրակցության ցանկություններին:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին հղած նամակում հայտնել Է, թե հարկավոր չի համարում հունիսի 12-ին Սինգապուրում գագաթնաժողով անցկացնել Փհենյանի վերջին «թշնամական» հայտարարությունների պատճառով, որ գագաթնաժողովը չեղյալ կհայտարարվի, բայց ընդգծել Է, որ պատրաստ Է ապագայում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:

Մեկնաբանելով գագաթնաժողովի ձախողումը՝ Սպիտակ տան աշխատակազմում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն պատասխանել իրենց հետ կապվելու ԱՄՆ-ի բազմաթիվ փորձերին: Ամերիկացի պաշտոնյաները նաեւ պատմել են, որ մեկ շաբաթ առաջ վիժեցվել Է գագաթնաժողովի նախապատրաստման խմբի հանդիպումը: Պենտագոնում նշել են, որ ամերիկացի զինվորականները կշարունակեն առավելագույնս ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, այդ թվում՝ զինավարժանքներ կանցկացնեն դաշնակիցների հետ: Միացյալ Նահանգները նաեւ սկսել Է նոր պատժամիջոցներ պատրաստել Հյուսիսային Կորեայի դեմ: Պետքարտուղար Մայք Փոմպեոն վստահություն Է հայտնել, որ Վաշինգտոնը կխնդրի մյուս պետություններին պաշտպանել պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am