Շվեդիայում ՀՀ դեսպանը Մալմյոյի համալսարանում Առաջին հանրապետությանը նվիրված դասախոսությամբ է հանդես եկել

18:00, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը մայիսի 22-ին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Մալմյոյի համալսարանի «Ռուսաստանի և Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն»-ի կողմից կազմակերպած համաժողովին։ 


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար, ավելի քան հինգդարյա ընդմիջումից հետո վերականգնված հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին։ Դեսպանը հավելեց, որ պետականության կայացումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի անձնազոհ սխրանքի շնորհիվ, որը կարողացավ ապացուցել սեփական անկախ հայրենիք կերտելու իրավունքը:

Դեսպան Ապիտոնյանը նաև ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության փորձից քաղված դասերը, որոնք հիմնարար ազդեցություն ունեցան 1991թ․ Հայաստանի Հանրապետության հռչակման և կայացման, արդյունավետ կառավարման գործում։

Ինտերակտիվ կապի միջոցով Երևանից թեմայի վերաբերյալ հանգամանալից ելույթ ունեցավ նաև քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը։

Ելույթներից հետո դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին: 

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Մալմյոյի համալսարանի ռեկտոր Շերստին Թամի և փոխռեկտոր Պեռ Հիլբուրիհեի հետ և զրուցակիցներին հակիրճ տեղեկացրեց Հայաստանի բուհերի՝ Շվեդիայի մի շարք համալսարանների հետ ստեղծված միջբուհական համագործակցության և Շվեդական ինստիտուտի ծրագրերով շվեդական տարբեր համալսարանններում ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի մասին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին Մալմյոյի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության հարցեր։ 


© 2009 ARMENPRESS.am