Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը

17:47, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Եվրոպական Միության անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ Հայաստանը վավերացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը և հունիսի 1-ից համաձայնագրի անցումային որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու: «Թեպետ ժամանակին այդ համաձայնագրի մասին բարձր կարծիք չեք հայտնել, պարոն Փաշինյան,  սակայն ակնհայտ է, որ այն կյանքի պետք է կոչել: Ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի իրականացումը պլանավորվի և կյանքի կոչվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց Աշոտյանը:

ՀՀ վարչապետը պատասխանեց, որ  ԵՄ գործընկերների հետ հանդիպման ընթացքում այդ հարցը միշտ պահում են ուշադրության կենտրոնում: «Երկու օր առաջ այդ հարցը քննարկվել է նաև Կիպրոսի Սենատի նախագահի հետ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ ԵՄ գործընկերները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն»,- ասաց Փաշինյանը:

Արմեն Աշոտյանը նաև հետաքրքրվեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներից: «Անցյալ տարի հաստատվեց Հայաստանին Եվրոպական Միության կողմից  մինչև 2020թ. տրվող ֆինանսական աջակցության ծավալը, որը կազմում է 160 միլիոն եվրո: Բանակցելո՞ւ է կառավարությունը այս աջակցության ծավալն ավելացնելու ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետն ընդգծեց, որ ֆինանսական աջակցության ծավալներն ավելացնելու ուղղությամբ կառավարությունը  կաշխատի: «Միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների ընթացքում ֆինանսական լայն աջակցություն ցույց տալու պատրաստակամություն են ցուցաբերում: Մենք շատ ուրախ ենք այդ պատրաստակամության համար և պիտի քննարկենք այդ աջակցությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու գործնական խնդիրները»,.- ընդգծեց ՀՀ վարչապետը:  

Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտեց, որ չի կարծում, թե պետք է շարունակեն այն գործելաոճը, որ դրսի ձեռքին նայեն, թե ինչքան գումար կտան: «Մենք կարծում ենք, որ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, դրանց մի մասը ստվերում է, գուցե օֆշորային գոտիներում էլ կան ռեսուրսներ, հայ ժողովրդի շրջանում նույնպես կան ռեսուրսներ: Այս իմաստով Հայաստանի կարգավիճակի որոշակի փոփոխություն պետք է արձանագրենք:  Մենք պետք է կարողանանք ընտրել, թե ինչ աջակցություն է մեզ պետք և ինչ չափով: Մենք ունենք այդ ընտրությունը և այդ ընտրության մեջ կլինենք մաքսիմալ արժանապատիվ,  և որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության և արժանապատվության հաշվին»,- եզրափակեց Փաշինյանը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am