Սոֆիայում Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել

17:25, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում մայիսի 20-ին կազմակերպվեց «Հայաստանի և Բուլղարիայի նոր անուններ» խորագիրը կրող համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգին, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կողմից և Հայաստանի դեսպանության հովանու ներքո, ելույթ ունեցան հայ և բուլղարացի երիտասարդ երաժիշտներ: Այս նպատակով Հայաստանից ժամանել էին պատանի երգիչներ Անի Մարգարյանը և Նարեկ Սահակյանը, ջութակահար Ասյա Անիսիմովան և սակսոֆոնահար Ալեքսանդր Ավետիսյանը: Անվանի բուլղարահայ դիրիժոր Պետրոս Փափազյանի ղեկավարած ՀԲԸՄ կամերային նվագախմբի նվագակցությամբ հնչեցին ինչպես հայ, այնպես էլ բուլղարացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգի մասնակիցներին և հանդիսատեսին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհի հայությունը մեծ հանդիսությամբ տոնում է Հայաստանի Հանրապետության ստեղծման հարյուրամյա հոբելյանը և ընդգծեց, որ հիշելով մեր պատմության հերոսական էջերը, մենք նայում ենք առաջ՝ դեպի առաջադեմ, ժողովրդավար Հայաստան կերտելու ապագան: Դեսպան Սարգսյանն իր խոսքում նաև անդրադարձավ հայկական մշակույթին:

Մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հայ պատանի կատարողների մասնակցությամբ համերգ տեղի ունեցավ նաև Պլովդիվում:

Մինչ այդ մայիսի 18-ին պատանի հայ կատարողները հյուրընկալվել էին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում:


© 2009 ARMENPRESS.am