Ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 3- րդ ֆորումի արդյունքները  

13:51, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը, որն անցկացվեց մայիսի 15-21-ը Երևանում,  հատեց եզրագիծը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից, փակման արարողությունն անցկացվել է Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

 «Ոսկե հովանոց» Գրան պրին և I մրցանակը բաժին է հասել «Ես այստեղ եմ» ներկայացմանը (բեմադրիչ`Տաթև Մելքոնյան, Հայաստան): Ներկայացումը իրավունք է ստացել մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին, որը կկայանա 2019 թվականին:

«Արծաթե հովանոց» II և III-րդ մրցանակը կիսել են «Նատաշայի երազանքը»  բեմադրիչ` Ստաս Ժիրկով, «Ոսկե դարպաս» թատրոն, Ուկրաինա) և «Մայրական դաշտ» (բեմադրիչ`Գաֆուր Մարդանով, Ուզբեկստանի ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն) ներկայացումները:

Ժյուրիի հատուկ մրցանակի են արժանացել «Մեդեայի համախտանիշ» (բեմադրիչ`Եկատերինա Ավերկովա, Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն) և «Լեգենդից հետո ...» (բեմադրիչ` Շամիլ Դիյքանբաև, Չույի մարզի Շ. Տերմեչիկովի անվ. սատիրայի թատրոն, Ղրղզստան), ներկայացումները, ինչպես նաև դերասան Արամ Կարախանյանը`«Ես այստեղ եմ» ներկայացման մեջ փայլուն կատարած դերակատարման համար:

ՀԹԳՄ ոսկե մեդալի է արժանացել «Գարդենիա» ներկայացումը (Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվ. դրամատիկական թատրոն, բեմադրիչ`Սեմյոն Սերիզին,  Ռուսաստան):

Լավագույն ներկայացում (ըստ երիտասարդ թատերական քննադատների) է ճանաչվել «Կատարինա Բլյումի կորած պատիվը» ներկայացումը (Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվ.ակադեմիական թատրոն, բեմադրիչ`Միխայիլ Չարքվիանի):

Երևանյան ֆորումին մասնակցել է 12 երկիր. Հայաստանը, Լատվիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Լիտվան:

Ֆորումը կազմակերպել էին Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:


© 2009 ARMENPRESS.am