Էրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով

12:46, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպության»  (ԻՀԿ)երկրները  կբոյկոտեն իսրայելական ապրանքները: Էրդողանը հույս է հայտնել նաև, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան ևս այդպես կվարվի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurberturk-ը:

«ԻՀԿ շրջանակներում մենք որոշում ենք կայացրել կոչ անել կազմակերպության ներկայացուցիչներին բոյկոտել իսրայելական ապրանքները: Ցանկանում եմ, որ ԻՀԿ անդամ երկրները էմբարգո կիրառեն Իսրայելի նկատմամբ և բացառեն իսրայելական ապրանքների առքը»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը կվերանայի հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում:

«Մենք կվերանայենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններ են, դրանցից հետո մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»,-հավելել է Էրդողանը:

 Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումների ընթացքում զոհվել են տասնյակ պաղեստինցիներ:     

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է շուրջ 6 տասնյակ մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:


© 2009 ARMENPRESS.am