Արթուր Ջավադյանը հերքում է Հայաստանից կապիտալի մեծ արտահոսքի վերաբերյալ խոսակցությունները

17:07, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը միֆ է համարում խոսակցություններն այն մասին, թե ապրիլին Հայաստանում սկսված շարժման օրերին Հայաստանից կապիտալի մեծ արտահոսք է եղել: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԿԲ նախագահը շեշտեց, որ այդ օրերին արտահոսքեր եղել են, որոնք բնականոն են եղել այդ ժամանակահատվածի համար:

«Որոշակի արտահոսք եղել է, բայց դրանք հիմնականում կապված են եղել այն ապրանքատեսակների հետ, որոնք ներկրվում էին: Մենք արտահոսքի արտառոց դեպքեր, երբ մարդիկ սկսեն դուրս բերել իրենց ակտիվները, չենք ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանը նաև հայտնեց, որ շարժման օրերին եղել են մարդիկ, ովքեր ժամկետից շուտ բանկերի հետ խզել են ավանդային պայմանագրերը: «Խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է: Բայց դա կարեւոր չէ, որովհետև  ժամկետից շուտ խզումներ եղել են: Նման երևույթ տեսել ենք նաև 2014-ի վերջին, բայց նման արագ վերականգնում այն ժամանակ չի եղել:  Հիմա ոչ մի խնդիր չունենք, դրական է սալդոն: Հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնումն է ընթանում»,-ասաց Արթուր Ջավադյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am