Կիլաուեա հրաբխի լավայի հոսքերը հասել են Խաղաղ օվկիանոս

15:22, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավայիում ժայթքող Կիլաուեա հրաբխի լավան հասել Է Խաղաղ օվկիանոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին հայտնել Է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ հրաբխի հոսքերը 24 կիլոմետր հեռավորությամբ տարածվել են հրաբխից արեւմուտք եւ հասել Մեծ կղզու հարավային ծովափ:

Ծովի աղի ջրի մեջ լավայի հայտնվելը հանգեցրել Է քիմիական ռեակցիայի. գոյացել Է թունավոր ամպ: Տեղի իշխանությունները բնակիչներին ու զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս չմոտենալ հրաբխի մերձակա շրջաններին: «Իշխանությունները նախազգուշացնում են, որ հրաբխի հոսքերը կարող են փոխել իրենց ուղղությունը, եթե ուղղությունը փոխի քամին»,-AP-ն մեջբերում Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության մասնագետ Վենդի Սթովալի խոսքը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ լավային դիպչելուց հետո մի տղամարդ Է հոսպիտալացվել ոտքի այրվածքի պատճառով: Լավայի հոսքերը ոչնչացրել են շուրջ 40 շինություն, այդ թվում՝ երկու տասնյակ բնակելի տներ: Հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններից իրականացվել Է բնակչության տարհանում: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը նախազգուշացրել Է մոխրի արտանետումների եւ թանձր ծխամշուշի պատճառով ինքնաթիռների թռիչքների համար վտանգի առավելագույն՝ «կարմիր» մակարդակի մասին: Հավելենք, որ հրաբուխը ակտիվություն Է ցուցաբերում մայիսի սկզբից: Կիլաուեան համարվում Է աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը: Հրաբխի բարձրությունը ծովի մակարդակի նկատմամբ կազմում Է 1247 մետր, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am