ՍԾՏՀ ԽՎ նիստում հայկական պատվիրակությունը պայքարել է կառույցը քաղաքականացնելու փորձերի դեմ

12:50, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակին նվիրված հատուկ նիստի ընթացքում, որը գումարվել է մայիսի 17-19-ը, ընդունվել է հռչակագիր, որն արտացոլում է անցած տարիների ընթացքում կառույցի ձեռքբերումներն ու նախանշում հետագա զարգացման ուղիները: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։

«Այդ փաստաթուղթը մշակվել էր և ուղարկվել էր վեհաժողովի անդամ 12 երկրների խորհրդարանականներին՝ առաջարկներ ներկայացնելու համար: Պետք է ասեմ, որ բավականին շատ առաջարկներ էին ներկայացվել, որոնց մեջ կային հակադիր առաջարկներ. խոսքը մեր և Ուկրաինայի պատվիրակության առաջարկների մասին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մինասյանը:

Գագիկ Մինասյանը մանրամասնեց, որ հայկական կողմն առաջարկել է այդ հռչակագրում ամրագրել, որ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է զբաղվի բացառապես տնտեսական խնդիրներով և զերծ մնա քաղաքական գործունեությունից, իսկ Ուկրաինայի պատվիրակությունն առաջարկել է ամրագրել, որ վեհաժողովի համար առաջնահերթ պետք է լինի քաղաքական ուղղվածությունը: «Մեզ համար շատ կարևոր էր, որ մեր առաջարկն ընդունվեր, սակայն ավելի կարևոր էր, որպեսզի չընդունվեր Ուկրաինայի առաջարկը: Արդյունքում երկու առաջարկն էլ դրվեց քվեարկության և երկուսն էլ մերժվեց»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Ուկրաինայի պատվիրակության առաջարկն ընդունելու պարագայում հասկանալի է, թե ինչպես դա կօգտագործեին Թուրքիան և Ադրբեջանը, որոնք վեհաժողովի անդամ են, իսկ Թուրքիան լուրջ դերակատարում ունի վեհաժողովում:

ՍԾՏՀ-ում հայկական պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ ընդգծեց, որ դրանից հետո Թուրքիան է փորձել հռչակագրում ամրագրել բացառապես քաղաքական մի դրույթ, որով առաջարկել են դատապարտել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները: «Նրանց առաջարկած դրույթը պարունակում էր միակողմանի գնահատականներ՝ կապված իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ: Մեզ համար սա անընդունելի էր, քանի որ մենք ասել ենք ու պնդում ենք, որ կառույցը մնա տնտեսության ոլորտում: Բարեբախտաբար, նաև մեր պատվիրակության ջանքերով հնարավոր եղավ հասնել նրան, որ այդ առաջարկը ևս մերժվի»,- ասաց նա:

Նա հավելեց, որ հռչակագիրը հայկական պատվիրակության երազանքների փաստաթուղթը չէ, սակայն կարևորեց այն հանգամանքը, որ այն հավասարակշռված է և ընդունելի:


© 2009 ARMENPRESS.am