Արթուր Վանեցյանն անդրադարձավ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու հնարավորությանը

21:55, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու հետ կապված ներկա դրությամբ հստակ դիրքորոշում չունի: «Քաղաքական որոշում պետք է կայացվի: Սահմանադրությամբ սահմանափակված է նախարարությունների թիվը, եթե ԱԱԾ-ն կամ ոստիկանությունն էլ դառնան նախարարություն, ապա պետք է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել: Չեմ կարող ասել՝ պե՞տք է փոխել մեր կարգավիճակը: Կարծում եմ՝ հիմա էլ ենք արդյունավետ աշխատում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ համակարգը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել, բայց իր բովանդակությունը, էությունը չի փոխել: «Այս պահին դիրքորոշում չունեմ»,- ասաց ԱԱԾ տնօրենը, միաժամանակ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է այնպես անել, որպեսզի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն Ազգային ժողովին:

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 10-ին:


© 2009 ARMENPRESS.am