Ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր»

15:22, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են տարվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր»: Գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես և կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը.
«Հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության և անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից և այլ հանգամանքներից:
Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլև մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: 
Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերակա բոլորիս նկատմամբ: 
Հուսանք, որ այսուհետ իրավագիտակցության այսպիսի աստիճան ու ընկալում կունենա և´ հանրությունը, և´ նրանք, ովքեր թյուր պատկերացում են ունեցել հասարակական հարաբերություններում քաղաքացու իրակա´ն տեղի ու դերի մասին»:


© 2009 ARMENPRESS.am