Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար

11:12, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունեց Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով նախարար Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Սահակյանն իր անվերապահ աջակցությունը հայտնեց ԱԳՆ ղեկավարին և հաջողություն մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հստակ էր, որ առաջին այցելությունը պետք է լիներ Արցախ, ուր պետք է ստանալ անհրաժեշտ լիցքերը։ «Արցախը կարևորագույն նշանակություն ունի ամբողջ հայության համար. այն մեր ինքնության կաևորագույն սյուներից մեկն է։ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը»,- շեշտեց նախարար Մնացականյանը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած քննարկումները, եռանախագահների հետ առաջիկայում ծրագրվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքները։

Արցախի նախագահը կարևորեց Ստեփանակերտի և Երևանի միջև խորհրդակցությունների ու հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և համատեղ քայլերը:


© 2009 ARMENPRESS.am