ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել

21:18, 18 Մայիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին միաձայն՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչում է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, ինչպես նաև ողջունում է Արցախի Հանրապետության ձգտումը՝ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիայի, շարունակել իր ժողովրդավարական ուղին և զարգանալ որպես միջազգային հանրության վստահելի անդամ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ նահանգի պետքարտուղարը լիազորվում է բանաձևի վավերացված պատճենները փոխանցել ԱՄՆ Նախագահին, Ռոդ Այլենդի Կոնգրեսին և ԱՄՆ Պետդեպարտամենտին։

Բանաձևի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով։


© 2009 ARMENPRESS.am