Արմավիրում զանգվածային թունավորման հավանական պատճառը ընդմիջման ընդհանուր կերակուրն է, հարուցվել է քրգործ

10:56, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման պատճառը, մեծ հավանականությամբ, ընդմիջման ժամանակ կերած հավով, պանրով, կարտոֆիլով բրդուճներն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անի Խաչատրյանը: «Այս պահին միայն այս հիվանդանոցում ունենք 18 հոսպիտալացված: Նրանց վիճակները միջին և թեթև ծանրության են:  Սակայն թունավորման նույն դեպքով դիմողները շատ են եղել: Երեկվանից դուրս է գրվել մեկ հոգի»,-ասաց բժիշկ-վարակաբանն ու հավելեց, որ, հավանաբար, այսօր դուրս կգրվեն նրանք, ովքեր արդեն իրենց լավ են զգում:

Հոսպիտալացվածների մի մասը «Մեծամոր» ԲԿ-ում են: 

Արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔՆ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական  օրենսգրքի 277-րդ (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ` թունավորման պատճառը պարզելու համար: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Դեպքի մանրամասները պարզվում են:


© 2009 ARMENPRESS.am