Facebook-ում առաջին անգամ պատմել են, թե ինչ տեղեկատվություն են հեռացրել վերջին ժամանակներս

16:12, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի աշխատակիցներն ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հեռացրել են սոցիալական ցանցում զետեղված ավելի քան 865 միլիոն հաղորդագրություն, մասնավորապես սպամ, ահաբեկիչների քարոզչական նյութեր, մերկությունը ցուցադրող լուսանկարներ եւ տեսագրություններ:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մայիսի 15-ին ընկերության պաշտոնական բլոգում հրապարակված զեկույցում: Զեկույցում առաջին անգամ բերված են ստույգ եւ մանրամասն տվյալներ սոցցանցում արգելափակված տեղեկատվության ծավալի եւ բնույթի վերաբերյալ:

Դրանից հետեւում Է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հեռացվել Է պնդերես գովազդով 837 միլիոն հաղորդագրություն, բռնությանը վերաբերող 3,4 միլիոն գրառում, մերկությունը ցուցադրող տեսագրություններ եւ լուսանկարներ պարունակող 21 միլիոն նյութ: Բացի դրանից, հեռացվել Է 1,9 միլիոն հաղորդագրություն ահաբեկչական խմբավորումների քարոզով, ինչպես նաեւ 2,5 միլիոն հաղորդագրություն, որտեղ բերվել են արտահայտություններ՝ միտված, մասնավորապես, ազգային, Էթնիկական եւ ռասայական ատելության բորբոքմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am