Քաղաքացիական պաշտպանությունը պետք է լինի բարձր մակարդակի. Նիկոլ Փաշինյան

20:06, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և գերատեսչության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, շնորհակալություն հայտնելով նախկինում իրականացված աշխատանքների համար՝ վարչապետ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է նախարարության գործունեության հիմնական առաջնահերթ ուղղությունները՝ քաղաքացիական պաշտպանություն, հակակարկտային և սեյսմիկ պաշտպանության համակարգերի հզորացում:

«Պետք է արձանագրել, որ վերջին տարիներին այս ոլորտում մեծ գործ է արվել, և հույս ունեմ, որ կառավարությունը և ես, որպես վարչապետ, մեզանից կախված ամեն ինչ կանենք արվածի շարունակականությունն ապահովելու համար: Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում և, ըստ էության, հակամարտության մեջ գտնվող երկիր ենք, և քաղաքացիական պաշտպանության խնդիրները պետք է լինեն բարձր մակարդակում: Իմ սեղանին դրված առաջին խնդիրները կապված էին նաև արտակարգ իրավիճակների ոլորտի հետ, ինչը լուրջ ազդակ է: Այդ խնդիրների պատշաճ մակարդակով լուծելու համար մեծ դեր ունի նաև մարդկային գործոնը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ նման պատասխանատու պաշտոն վստահելու համար: Կարող եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անելու ենք հասարակության մեջ կուտակված դրական լիցքերը բազմապատկելու համար, որպեսզի մարդիկ ամեն վայրկյան իրենց մաշկի վրա զգան մեր անմիջական ու մարդկային վերաբերմունքը»:

Աշխատանքային օրվա ավարտին Հրաչյա Ռոստոմյանն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ տալով հանձնարարականներ և նախանշելով այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

 


© 2009 ARMENPRESS.am