Թանգարանների գիշերը Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուները կարող են բացառիկ ցուցանմուշներ տեսնել

15:49, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Հայոց ցեղասպանության թանգարանը կմիանա միջազգային «Թանգարանների գիշեր-2018» ծրագրին: Մայիսի 19-ին թանգարանը բաց կլինի մինչև երեկոյան ժամը 19:00-ը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հիմնական ցուցադրությունից բացի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությանը: 

«Հանրապետության ծնունդը» խորագիրը կրող ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող եզակի ցուցանմուշներ Հայաստանի և Սփյուռքի մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից: 

Ցուցադրության մեջ ներառված հազվագյուտ ցուցանմուշների թվում են պաստառներ, հուշամեդալներ, հոբելյանական բացիկներ, եզակի հրատարակություններ, պատմական լուսանկարներ և այլն: Ներկայացված են Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալ, հայկական բանակին և պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ և այլն: 

Ժամանակավոր ցուցադրության մեջ ընդգրկված են նաև ՀՑԹԻ կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված նորահայտ ցուցանմուշները, որոնց շարքում բացառիկ նշանակություն ունեն բոլորովին վերջերս հայտնաբերված Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների տարհանման գործողությունը ներկայացնող ապակե նեգատիվները, որոնք Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի ռազմածովային սպա Լյուսիեն Բոժեի թոռնուհին՝ Ան Սուպան: 

Ցուցադրությունը գործելու է մինչև  հունիսի 5-ը: 


© 2009 ARMENPRESS.am