Չեխիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման ջանքերին. Բաբիշը շնորհավորել է Փաշինյանին

15:39, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա պատասխանատու գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են: Ես համոզված եմ, որ չնայած ընթացիկ բազմաթիվ մարտահրավերներին, Ձեր պաշտոնավարումը որպես վարչապետ կնպաստի երկրի խաղաղ և ազատ զարգացմանը:

Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների ամրապնդմանն ուղղված Ձեր բոլոր ջանքերին և սատարելու Ձեզ բարեփոխումների գործընթացում: Մենք հատկապես ակնկալում ենք համագործակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչման շրջանակներում»,-ասված է Չեխիայի վարչապետի շնորհավորական ուղերձում: 


© 2009 ARMENPRESS.am