Թատերական տոն Երևանում. կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը

15:15, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 15-21-ը կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը: Կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

  Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ֆորումը հնարավորություն է տալիս երիտասարդ թատերական գործիչներին կիսել իրենց մասնագիտական փորձը, քննարկել ծառացած խնդիրները:

«Այս ֆորումը բավական կարևոր է մեր երիտասարդների համար: Մասնակից երկրների ներկայացուցիչները միմյանց ճանաչելու, կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություն ունեն: Մեր թատերական երիտասարդությունը բավական մեծ ոգևորությամբ է սպասում, շատերին է հետաքրքիր, թե այլ երկրներում իրենց սերնդակիցներն ինչպես են մտածում, ինչպես են գործում, ինչ ծրագրեր ունեն»,-ասաց Հակոբ Ղազանչյանը: Նա տեղեկացրեց՝ քանի որ ֆորումը Հայաստանում է անցկացվում, հետևաբար հայ երիտասարդները փոքր-ինչ առավելություն ունեն: Վարպետության դասերին, կլոր սեղաններին Հայաստանից ավելի շատ ներկայացուցիչներ կմասնակցեն:

Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից: Նախ, թատերական ոլորտի ականավոր գործիչները մասնակիցների համար կանցկացնեն վարպետության դասեր, քննարկումներ: Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Երիտասարդ բեմադրիչների արվեստանոցի և դրամատուրգների սեմինարների ղեկավարը թատերական ռեժիսոր, Վ. Մեյերհոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների Կլոր սեղանները կղեկավարեն թատերական տեսաբաններ Մարիա Խալիզևան, Ալլա Շենդերովան:

Ֆորումը երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների հեղինակավոր մրցույթ է: Ծրագրում` յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` ընտրված փորձագիտական խորհրդի կողմից և բեմադրված նախորդ 2 տարիների ընթացքում: Ներկայացումները կցուցադրվեն երևանյան առաջատար թատրոնների բեմում: Ֆորումի ընթացքում աշխատելու են փորձագետներ, և նրանք են որոշելու լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին:

Ա. Պ. Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն, թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը նշեց, որ արդեն 3-րդ անգամ անցկացվող ֆորումի ծրագրում ավանդական ուղղությունները պահպանվում են, սակայն դրան զուգահեռ մտցվում են նաև նոր շեշտադրումներ:

«Մասնակցության համար բազմաթիվ դիմումներ են լինում, և դրանցից լավագույնների ընտրությունն արդեն իսկ հսկայական աշխատանք է: Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ տարեցտարի մասնակիցների աշխատանքների որակի բարձրացում է նկատվում: Երիտասարդները սկսել են ավելի լավ ներկայանալ: Ուզում եմ ընդգծել, որ Երևանում բավական բարյացակամ վերաբերմունք է, շատ շնորհակալ ենք լավ ընդունելության համար»,-ասաց  Վալերի Շադրինը:

 ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումը պարզապես թատերական ոլորտի միջոցառում չէ, այն տոն է: Նման կարծիք հայտնեց ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը:

«Անհամբերությամբ եմ սպասում աշխատանքներին ծանոթանալուն: Նոր դեմքեր, նոր անուններ են ի հայտ գալիս, ինչը շատ կարևոր է: Կարծում եմ, այս հետաքրքիր նախաձեռնությունը պետք է պահպանել և զարգացնել»,-հավելեց Իգոր Յասուլովիչը:

«Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովի խոսքով, այսպիսի միջոցառումները կարևոր մեկնարկային հարթակ են երիտասարդ ռեժիսորների համար:

«Ինձ՝ որպես ռեժիսորի, այս ֆորումը հաջող մեկնարկ է տվել: Երիտասարդ արտիստի, այս ոլորտում առաջին քայլեր անող մասնագետի համար ֆորումը հզոր հարթակ է: Եվ սրանք պարզապես բառեր չեն, այն նոր հորիզոնների հասնելու լավ շանս է»,-ասաց նա:

Երևանյան Ֆորումի մասնակից երկրներն են Հայաստանը, Լատվիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Լիտվան: ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումն առաջին անգամ անց է կացվել 2012թ. Քիշնևում, երկրորդը` 2015թ. Մինսկում:  


© 2009 ARMENPRESS.am