Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարումը որպես Սփյուռքի նախարար. Փաշինյան

13:44, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հակոբյանը կմնա պաշտոնում:

«Այս պահին մենք կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու ծրագիր չունենք և չենք էլ հասցնի ֆիզիկապես, սակայն Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն սփյուռքի ու հայապահպանության շրջանակում, այլև դա պետք է հայրենադարձությունը կազմակերպող և հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 2008 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Հրանուշ Հակոբյանը:


© 2009 ARMENPRESS.am