Ալեքսանդր Իսկանդարյանը ՀՀ ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու առաջարկը բնական է համարում

13:08, 10 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահին ուղղված առաջարկությունը շատ բնական է և տեղավորվում է ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Դա շատ նորմալ է, իշխանության գալու պարագայում բնական է, որ առաջինն ուժային կառույցների ղեկավարներին փոխելն է: Դրանից բացի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ազդեցությունը մեծացնելու անհրաժեշտություն կա, հետագայում արդեն՝ խորհրդարանում ավելացնել հենարանը և այլն: Շատ տրամաբանական գործընթաց է, ես այստեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին՝ ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։

Ապրիլի 8-ին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին: Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել էր երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները:


© 2009 ARMENPRESS.am