Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը տասն անգամ ավելի բարձր է. Նախագահ Արմեն Սարգսյան

15:38, 9 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններից հետո Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը տասն անգամ ավելի բարձր է, քան սրանից մեկ ամիս առաջ էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Պետք է հպարտ լինել այսօրվա Հայաստանով: Հպարտ, որովհետև կարողացանք անել այնպիսի մի բան, որ որևէ ուրիշ երկիր կամ պետություն վերջին տարիներին, տասնամյակներին չի կարողացել անել: Դա հեղափոխություն է հայկական ձեւով, որտեղ մարդիկ հեղափոխություն են անում առանց ընդհարումների, ծաղիկներով և ժպիտով, ուրախությամբ և փուչիկներով»,-ասաց նա:

Լրագրողի այն հարցին, հանդիպել է արդյոք Արմեն Սարգսյանը Հանրապետության երրորդ նախագահի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ թեյ է խմել Սերժ Սարգսյանի հետ: «Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել եմ իրավիճակը, միասին թեյ ենք խմել»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա շնորհավորեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նշելով, որ մեդիան ևս լուրջ ներդրում ունի այս փոփոխություններում: «Ոչ միայն ես, այլ ամբողջ աշխարհը գնահատում է դա: Մենք պետք է այդ ողջ դրական էներգիան, եռանդը ներդնենք, որպեսզի մեր երկիրը  կառուցվի և դառնա ավելի լավը»,-նշեց նա:

ՀՀ չորրորդ նախագահը վստահեցրեց, որ հայրենադարձություն անպայման լինելու է: «Ցանկացած հայի հայրենիքն այստեղ է: Ես տեսնում եմ՝ վերադարձ արդեն կա, ամեն ինչ կախված է լինելու մեզնից: Եթե որոշ ժամանակ անց այդ դրական էներգիան լինի և երկիրը գնա առաջ, եթե դրական քայլերը լինեն, ապա  կարծում եմ, որ վերադարձ անպայման կլինի»,-հավելեց նախագահը:

Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ին, որտեղ ձայների մեծամասնությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը:

© 2009 ARMENPRESS.am