ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը. Էդուարդ Շարմազանով

15:08, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը: Շարմազանովն այս մասին ասաց խորհրդարանում վարչապետի ընտրությունից հետո րագրողների հետ զրույցում: «Քաղաքական ուժը, որը իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, չպիտի առաջնորդվի վերմակը իր վրա գցելով: Երբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը: Ես ինքս դեմ եմ քվեարկել, և առհասարակ մեր հավաքական կարծիքը Փաշինյանի քաղաքական լիդերության, վարչապետության վերաբերյալ չենք փոխել, բայց կան իրողություններ, մենք չենք կարող հաշվի չնստել իրողությունների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Հարցին՝ ՀՀԿ-ն Ազգային ժողովում պահպանելո՞ւ է մեծամասնությունը, Շարմազանովը պատասխանեց. «Իսկ որևէ մեկը կասկածո՞ւմ է»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է սկզբունքով, որևէ մեկի ճնշման տակ չի առաջնորդվում, ոչ էլ սուրճի բաժակ նայելով: «Հետևաբար չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկենք կառավարության ծրագրին: Երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կասենք»,-ասաց նա:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:


© 2009 ARMENPRESS.am