ՀՀ դպրոցների շրջանավարտներն այսուհետ ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բուհեր

14:50, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնել է, որ  ԳԴՀ պատկան մարմինների կողմից հաստատվել և ուժի մեջ է մտել Գերմանիայի լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի մասնագիտական խորհրդի կողմից ներկայացված՝ ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման և ճանաչելու մասին որոշումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որոշման համաձայն 2018 թվականից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտներն ուղիղ կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար՝ բոլոր մասնագիտություններով։  Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմել գերանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։ Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսված (համապատասխանաբար գերմանական բուհեր դիմելու ժամկետները հաշվի առնլով)։

Որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի՝ www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։


© 2009 ARMENPRESS.am