Երևանի թիվ 11 դպրոցի աշակերտներ, ծնողներ ու մի խումբ աշխատակիցներ պահանջում են տնօրենի հեռացումը

13:22, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցի բակում աշակերտները վանկարկում են «Ազիզյան հեռացիր», իսկ շենքի դահլիճում ելույթով հանդես են գալիս ուսուցիչները: Նրանք նշում են, որ տնօրենի կողմից հետապնդումների են ենթարկվում այն պատճառով, որ մասնակցել են երթերին, հավաքներին: Ըստ նրանց՝ տնօրենը դպրոցի դռները փակել է և թույլ չի տվել դուրս գալ և գնալ երթերի:

Դահլիճում ներկա էին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները, ովքեր տեղեկացրեցին, որ դիմելու են քաղաքապետին Ռուզաննա Ազիզյանին հեռացնելու համար:

Ավելի ուշ տնօրենը լրագրողների հետ զրույցում հերքեց իրեն ուղղված մեղադրանքները և ասաց, որ նման բան չի եղել, ինքը դպրոցի դուռը չի փակել: «Զարմացած եմ այս իրավիճակից, որովհետև սա անսպասելի էր: Իմ աշակերտին ես այսպես չեմ տեսել: Սա կազմակերպված է: Ես ոչ մի հետապնդում չեմ իրականացնում ուսուցիչների նկատմամբ»,-ասաց դպրոցի տնօրենը:

Հավաքված ծնողների մի մասը բողոքում է դպրոցում դրամահավաքներից, մի մասն էլ ընդգծում է տնօրեն Ազիզյանի մեծ դերը դպրոցում կարգուկանոնի պահպանման գործում:


© 2009 ARMENPRESS.am