Թուրքիայի քեմալական կուսակցությունը հայտնել է նախագահական ընտրություններում իր թեկնածուին

11:28, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի թեկնածուն Մուհարեմ Ինջեն է: Այս մասին քեմալական կուսակցությունը որոշում է կայացրել խմբակցության դռնփակ նիստի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կուսակցությունը նախագահական ընտրություններին է մասնակցելու «Թուրքիայի երաշխավորը Մուհարեմ Ինջեն է» կարգախոսով:

Ինջեն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «Մենք պատրաստ ենք»:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը պաշտոնապես գրանցել են «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցության ղեկավար Վեջդեթ Օզը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մայիսի 3-ին որոշում է ընդունել նախագահական ընտրություններում գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրելու վերաբերյալ: Նրա թեկնածությունը պաշտոնապես սատարում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:


© 2009 ARMENPRESS.am