Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում

14:11, 27 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը Հայաստան այցի ընթացքում տարածած հայտարարությամբ հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում:

«Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին և՛ ուրախության, և՛ տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով, և դրա համար եմ ես այսօր Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ապրում է իր պատմության դժվարին փուլը: Ռուսաստանը, լինելով Հայաստանի ամենամոտ գործընկերը, ուշադիր և անկեղծ մտահոգությամբ, հետևում է երկրում ծավալվող զարգացումներին: «Վստահ ենք, որ դարերի ընթացքում ձեռքբերված իմաստությունը կնպաստի երկրին արագ վերադառնալ բնականոն կյանքին: Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում, բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում և կառուցողական երկխոսության պատրաստակամություն: Խաղաղություն և բարեկեցություն եղբայրական հայ ժողովրդին»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նիկոլայ Ռիժկովը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։ Ռիժկովը միջազգային ասպարեզում մշտապես հանդես է գալիս հայանպաստ դիրքորոշումներով, կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցության անհրաժեշտությունը։

Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է Հայաստանի ազգային հերոս Հայաստանի բարձրագույն կոչման:


© 2009 ARMENPRESS.am