Երևանում կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը. հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը

19:30, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակի կտրուկ աճի հետ կապված ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Արդեն տեղեկացվել է 2018թ. ապրիլի 23-ին երեկոյան Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով մահացել է մեկամյա երեխա և տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երկու ուղևոր:

 Նշված, ինչպես նաև վերջին օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների փաստերով քննության տվյալները վկայում են, որ դրանց զգալի մասն առանց հաշվառման համարանիշերի կամ դրանք թաքցված ավտոմեքենաներով, ճանապարհային երթևեկության այլ կանոնների ակնհայտ և կոպտագույն խախտումներով երթևեկելու, այդ կերպ վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական և իրավական նորմերը, այլ անձանց իրավունքներն ու ազատություններն արհամարհելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ուղղակի հետևանքն են:

Հարկ ենք համարում նշել, որ եթե 2018թ. առաջին երեք ամիսներին միասին վերցված Երևան քաղաքում արձանագրվել է 133 ճանապարհատրանսպորտային հանցագործության դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 62: Ընդ որում՝ եթե այդ հանցագործությունների հետևանքով նշված եռամսյակի ընթացքում մահվան ելք է ունեցել 17 դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 5 դեպք:

ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները ճանապարհատրանսպորտային հանցագործություններ կատարած անձանց բացահայտման և քրեաիրավական միջոցների խստացման ուղղությամբ»:

 


© 2009 ARMENPRESS.am