Բողոքի ակցիաների եւ դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 16 դեպք է գրանցվել

16:06, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ակցիաների ընթացքում, խիստ նախնական տվյալների համաձայն, լրագրողների և  լրատվամիջոցների իրավունքների 27 խախտում է արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ 10 օրերի բողոքի ակցիաների եւ դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 16 դեպք է արձանագրվել։ «Ես շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին, ովքեր այս դրամատիկ իրադարձությունների ֆոնին, հաճախ վտանգելով իրենց առողջությունը, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը տեղեկացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ակտիվ լուսաբանում էր հատկապես օնլայն մեդիան: «Քանի դեռ գործընթացը չի ավարտվել, լրատվամիջոցների վրա է լինելու հասարակությանը տեղեկացնելու պարտականությունը: Այդ ֆոնին չեն բացառվում նաև բռնությունները»,-հավելեց նա:


© 2009 ARMENPRESS.am