Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսում կրկին ամենաանազատ երկրների շարքում է

13:10, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ապրիլի 25-ին հրապարակել է մամուլի ազատության ինդեքսը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Կազմակերպությունը հետազոտությունն իրականացրել է 180 երկրների շրջանում: Զբաղեցնելով 163-րդ տեղը՝ Ադրբեջանը կրկին դասվել է ամենաանազատ մամուլ ունեցող երկրների շարքը:

Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշում են գործադրում հայտնի ընդդիմադիր լրատվամիջոցների, օրինակ՝ Meydan TV-ի և «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վրա, արգելափակում դրանք:

Ադրբեջանի կառավարությունը լուրջ գրաքննության է ենթարկում երկրի ներսում գործող ԶԼՄ-ների գործունեությունը:

Ալիևյան բռնատիրական վարչակարգի կամակատար ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝  հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված  հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները: Իշխանությունն արտասահմանից քննադատող գործիչների վրա Ադրբեջանի իշխանական ուժերը ճնշում են գործադրում նրանց ադրբեջանաբնակ հարազատների միջոցով:


© 2009 ARMENPRESS.am