ՇՀԿ-ի երկրների ԱԳ նախարարները Պեկինում նշեցին կազմակերպության գործունեության ոլորտները

11:15, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլի 24-ին հաստատել են 14 փաստաթուղթ, որոնք վերաբերում են առաջիկա տարիներին մի շարք ուղղություններով փոխգործակցության նախագծերի իրագործմանը: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ստորագրման արարողությունը կայացել Է Պեկինի կենտրոնի «Դյաոյույտայ» կառավարական նստավայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրավոր վավերացված որոշումները սահմանել են միավորման մեջ մտնող պետությունների համատեղ գործունեության ոլորտները մի շարք նախագծեր մշակելիս, ներառյալ ահաբեկչության, անջատականության եւ ծայրահեղականության դեմ պայքարը 2019 – 2021 թվականներին, ՇՀԿ-ի պետությունների երկարաժամկետ բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի դրույթների իրագործումը 2018 – 2022 թվականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կազմակերպության երկրների փոխգործակցությունը 2018 – 2022 թվականներին: Շանհայի համագործակցության կազմակերպությունն ստեղծվել Է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում:

Կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան դիտորդ երկրներ են:


© 2009 ARMENPRESS.am