ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները դժգոհել են իրենց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման համար. Նալբանդյան

13:31, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ապրիլի 23-ին արտգործնախարարությունում հանդիպել են օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալու Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու պատասխանելու լրագրողներին հուզող հարցերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախքան լրագրողների հարցերին պատասխանելը, Նալբանդյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որ ամեն խոսք և հաղորդագրություն լինի կշռադատված և հավասարակշռված: «Այստեղ լրատվամիջոցները պատասխանատու աշխատանք ունեն կատարելու»,- ընդգծեց նախարարը:

Հակիրճ ներկայացնելով իրադրությունը՝ Նալբանդյանն ասաց, որ հավաքները խոչընդոտում են ոչ միայն պետական և այլ հիմնարկների բնականոն աշխատանքը, այլև դրանից տուժում են նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունները:

«Բազմաթիվ բողոքներ ենք ստացել հավատարմագրված դեսպանությունների կողմից, որոնք հայտնում են իրենց դժգոհությունը, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը: Նույնը տեղի է ունեցել արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Իհարկե, մեր քաղաքացիներն ունեն իրավունք արտահայտել  իրենց կարծիքը Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ, դա բնական է, սակայն ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել դրանց բնական աշխատանքը, դիվանագետներին մեր տարբեր հայտարարություններով բավական անհարմար, վարկաբեկիչ դրության մեջ դնելը, դա համացանցում տեղադրելը չեմ կարծում, թե ժողովրդավարության կամ հայրենասիրության դրսևորում է»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

Նա նշեց, որ ցանկացած երկխոսություն և բարի կամք կարող է հաջողություն ունենալ, եթե դա պատասխան է ստանում, երկկողմանի է: «Այս պարագայում երկրի ղեկավարները, հոգևոր առաջնորդներն ու քաղաքական ուժերը և միջազգային գործընկեր կառույցները երկխոսության բազմաթիվ կոչեր են արել: Մինչ օրս, փաստորեն, այդ երկխոսությունը մերժվել էր, և դա ակնհայտ դարձավ վարչապետի և Նիկոլ Փաշինյանի միջև երեկվա հանդիպմանը, դուք ևս դրա ականատեսը եղաք»- նշեց Նալբանդյանը:

Նա ընդգծեց նաև, որ կանչել են օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին առաջին ձեռքից ներկայացնելու իրավիճակը երկրում, իսկ Դավիթ Հարությունյանը կլուսաբանի այն քայլերի իրավական ասպեկտները, որոնք օրենքի սահմաններում իրականացվում են իշխանությունների կողմից:


© 2009 ARMENPRESS.am