ՀԴԿ-ն երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով

16:26, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը է տեսնում միմիայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշված է ՀԴԿ հայտարարության մեջ:

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ստեղծված իրավիճակը գնահատելով որպես պայթյունավտանգ և լի անկանխատեսելի հետևանքներով, որպես պետության գլուխ, դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, անհապաղ հրավիրելու խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ցանկացած անխոհեմ քայլ հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, ՀԴԿ-ն կոչ է անում երթի մասնակիցների նկատմամբ զսպվածություն հանդես բերել։ «Հանգուցալուծումը կարող է լինել միմիայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով»,- եզրափակել է հայտարարությունը ՀԴԿ-ն։

 


© 2009 ARMENPRESS.am