ՀԲԸՄ-ն ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար խոհեմ երկխոսության կոչ է անում

21:35, 21 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ կոչ անելով գնալ խոհեմ երկխոսության մտահոգիչ խնդիրները քննարկելու համար:

«Ինչպես աշխարհի բոլոր հայերը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հետեւում է Հայաստանում ընթացող ցույցերին եւ զարգացումներին: Սփյուռքը հետեւում է այս իրադարձություններին խորը մտահոգությամբ: Մենք աջակցում ենք քաղաքացիներին խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքն իրացնելու հարցում. այս արժեքները առանցքային են ժողովրդավարության եւ ժողովրդավարական պետություններ կառուցելու համար:    Մտահոգիչ է դժգոհության մակարդակը, սակայն մենք ոգեւորված ենք՝ տեսնելով ներգրավվածության մակարդակը, հատկապես  մեր երկրի երիտասարդ քաղաքացիների կողմիցՀայաստանը անցում է կատարում նախագահականից խորհրդարանական հանրապետության. մի համակարգ, որը միտված է քաղաքացիներին տալու ավելի մեծ հնարավորություն՝ մասնակցելու իրենց երկրում որոշումների կայացման գործընթացին: Ելնելով կարեւոր ներքին եւ արտաքին մարտահրավերներից, որոնց առճակատվում է Հայաստանը, ՀԲԸՄ-ը կոչ է անում գնալ խոհեմ երկխոսության ՝ բաց քննարկելու մտահոգիչ խնդիրները եւ կառուցողական աշխատանք տանել լուծումների ուղղությամբ: Միայն միասին աշխատելով մենք կհաղթահարենք մեր ազգի առջեւ ծառացած մարտահրավերները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ



 


© 2009 ARMENPRESS.am