ՄԻՊ-ը հորդորել է բացառել ցանկացած տեսակի բռնություն
19:12, 21 Ապրիլ, 2018ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորել է բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի, ինչպես նաև չստուգված տեղեկությունների տարածումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
ՄԻՊ հայտարարության մեջ ասվում է.
«1. Երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը, որոնք նույնպես ազատ խոսքի բաղադրիչ են:
Հաշվի առնելով հաճախակի դարձող բռնությունների դեպքերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է լրագրողներին չգտնվել բռնության գործադրման կամ բռնության իրական վտանգ պարունակող վայրերից:
Դարձյալ վերահաստատում ենք, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում երեխաների լավագույն շահից չի բխում հավաքներին կամ երթերին մասնակցելը: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը՝ երաշխավորելու համար երեխաների իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է, որպեսզի լրատվամիջոցներն այս բոլոր դեպքերում հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:
Այս առումով, խնդրում ենք լրագրողներին իրենց հրապարակումներում ձեռնպահ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց, հատկապես երբ դրանք վերաբերում են միջադեպերին երեխաների ներգրավվածությանը կամ միայն մեկ կողմի հայտարարությունների հիման վրա իրավիճակը՝ որպես հաստատված փաստ ներկայացնելուց»:
© 2009 ARMENPRESS.am